National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.05.2019
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 17

Մայիսի 29-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանը քննարկել է գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած նախագծերը ՀՀ ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու հարցը:

Օրենսդիրների որոշմամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» փաթեթը, որին բացասական եզրակացություն էր տվել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգի նախագծում: Այն հեղինակել էր ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

ՀՀ ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում չի ընդգրկվել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Տիգրան Ուրիխանյանի մշակած օրենսդրական փաթեթը, որին բացասական եզրակացություն էր տվել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:

Խորհրդարանի հավանությանը չի արժանացել նաեւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ եւս ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը բացասական էր:

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրինագիծը նույնպես չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգի նախագծում, որին բացասական եզրակացություն էր տվել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հաձնաժողովը:

Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ դեռեւս ամիսներ առաջ խմբակցությունը նախաձեռնել եւ այժմ մշակում է «Վեթինգի մասին» ՀՀ օրենքի նախագիծ, այդ իսկ պատճառով նա գործընկեր խմբակցություններին, ինչպես նաեւ շահագրգիռ հասարակական կազմակերպություններին եւ կառույցներին հորդորել է մեկ շաբաթվա ընթացքում գրավոր առաջարկներ ներկայացնել: Խմբակցության ղեկավարը հստակեցրել է, որ նախագիծը մշակման վերջնական փուլում է:

Խորհրդարանը հաստատել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը:

Խորհրդարանը քննարկել է ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Այդ թափուր պաշտոնում ընտրվելու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրվել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու անցած աշխատանքային ուղին:

Արթուր Վաղարշյանն անդրադարձել է իր մասնագիտական գործունեության մանրամասներին եւ քաղաքական հայացքներին: Թեկնածուն նշել է, որ անկուսակցական է, սակայն որպես ՀՀ քաղաքացի եւ գիտնական՝ ունի իր քաղաքական համոզմունքները: Բանախոսը ներկայացրել է ՍԴ դատավորի պաշտոնում գործունեության իր տեսլականը, անհրաժեշտ համարել ՍԴ-ին տալ Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական օրենքների ընդհանուր մեկնաբանության հնարավորություն: Արթուր Վաղարշյանի կարծիքով՝ հայրենիքի համար պատասխանատու այս շրջանում դատական համակարգին անհրաժեշտ են անաչառ, միակողմանի կողմնորոշում չունեցող անձինք:

Արթուր Վաղարշյանը պատասխանել է պատգամավորների՝ մեկ տասնյակից ավելի հարցերին, ներկայացրել իր մոտեցումները պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտի, ՍԴ գործունեության, դատական համակարգի հանդեպ առկա դժգոհության, դատավորների ունեցվածքի հրապարակումների, վեյթինգի ինստիտուտի վերաբերյալ: Զեկուցողը նշել է, որ կողմ է վեթինգի այն տարբերակին, որը բխում է ՀՀ Սահմանադրությունից եւ միջազգային պարտավորություններից:

Տիգրան Ուրիխանյանը դատական համակարգում եւ արդարադատության ոլորտում խնդիրների հաղթահարման հարցում փորձել է պարզել թեկնածուի տեսակետը, ինչով էլ պայմանավորված կլինի պատգամավորի քվեարկությունը:

Տաթեւիկ Հայրապետյանը խոսել է դատավորների արտահերթ ժողովի հնչեցրած արձանագրումների մասին, անդրադարձել ԲԴԽ գործունեությանը:

Տարոն Սիմոնյանը, անդրադառնալով թեկնածուի՝ վերջին տարիներին իրականացրած աշխատանքին, կարեւորել է ՍԴ-ում նման գիտնականի գործունեությունը, ով հասկանում է իրավունքի էությունը եւ զարգացման տրամաբանությունը:

Թագուհի Ղազարյանն արձանագրել է, որ ՀՀ-ում չկա վստահություն դատական համակարգի նկատմամբ, քաղաքացին չի հավատում, որ դատավորը կարող է սեփական խղճի եւ համոզմունքների վրա հիմնված որոշում կայացնել: Ըստ պատգամավորի՝ այսօր դե յուրե կա դատական իշխանություն, բայց դե ֆակտո դատական իշխանությունը չունի այն ժողովրդի վստահությունը, որի համար իրականացնում է արդարադատություն, եւ ՀՀ քաղաքացին քայլեր է ձեռնարկում իր սահմանադրական իրավունքը վերականգնելու համար:

Բարձր գնահատելով թեկնածուի ելույթի հիմնադրույթները՝ Հայկ Կոնջորյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում քաղաքացիների անվստահությունը դատական համակարգի նկատմամբ հաճախ պայմանավորված է եղել նաեւ այդ համակարգի, իրավունքի եւ մարդկանց միջեւ եղած անջրպետով:

Դատաիրավական բարեփոխումների կարեւորությունն ընդգծելով՝ Սուրեն Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ հնարավոր չէ իրավաբանության մեջ ամեն ինչ պարզեցնել այնքան, որ բոլորին հասկանալի լինի:

Արփի Դավոյանը մեջբերել է ՍԴ նախկին եւ ներկա նախագահների հնչեցրած որոշ դիտարկումներ հասարակական կոնսենսուսի, երկրում իրավունքի կայացման, սահմանադրականության, արդարադատության եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ ու անհամաձայնություն հայտնել դրանց առնչությամբ:

Եզրափակիչ ելույթում ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին, անդրադարձել հասարակական-քաղաքական որոշ իրադարձությունների: Կողմ լինելով դատական համակարգի բարեփոխումներին, երկրում իրավական արդարադատության հաստատմանը՝ թեկնածուն կարծիք է հայտնել, որ այդ ամենը պետք է արվի մտածված, Սահմանադրությանը եւ օրենքներին համահունչ:

Կայացած գաղտնի քվեարկության արդյունքում, որին 132 պատգամավորից մասնակցել են 88-ը, Արթուր Վաղարշյանը չի ընտրվել ՍԴ դատավոր: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ 30 կողմ, 53 դեմ, 5 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: 

Վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am